Հունական աղբյուրներում պահպանվել է հայերի ծագման մասին պատմող մի ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սեր վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կողքիս, որտեղ էլ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ Թարգամոսի (Թորգոմի) 8 որդիներից առաջացել են մի շարք կովկասյան ժողովուրդներ։ Այս 8 որդիներից ավագը Հայոսն էր, որից էլ առաջացան հայերը։ Մյուս որդիներից Քարթլոսից առաջացան վրացիները, իսկ մնացած որդիներից՝ աղվանական, լեզգիական և մի շարք այլ կովկասյան ցեղերը։Արաբական ավանդազրույցը գրի է առնվել Յակուտիի և Դիմաչկիի երկերում 12-13-րդ դարերում։ Այն նույնպես հայերի ծագումը կապում է համաշխարհային ջրհեղեղից հետո միակ ողջ մնացած մարդու՝ Նոյի որդիների հետ[58]։ Ըստ ավանդազրույցի՝ Նոյի որդի Յաֆիսից (Հաբեթ) ծնվեց Ավմարը, ապա նրա թոռ Լանթանը (Թորգոմ)։ Հենց նրանից էլ սերեց հայերի նախնին՝ Արմինին։ Ավանդազրույցը հավաստում է, որ Արմինինի եղբայրներից էլ առաջացան վրացիները և աղվանները։ Այս պատմությունը պահպանել է նաև հնդեվրոպական ժողովուրդների եղբայրության ու բարեկամության փաստը՝ նշելով, որ հայերին ազգակից են հույները, սլավոնները, ֆրանկները և պարսիկները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով