Սաղմնային զարգացումէմբրիոգենեզ, բազմաբջիջ կենդանիների զարգացումը ձվային կամ սաղմնային թաղանթներում։ Ընթանում է մայրական օրգանիզմում կամ օրգանիզմից դուրս։ Սաղմնային զարգացմանը նախորդում է նախասաղմնային զարգացման շրջանը, երբ աճում, ձևավորվում և հասունանում է ձուն։ Սաղմնային զարգացման ընթացքում համեմատաբար մեկ պարզ ձվաբջջից առաջանում է բազմաբջիջ, տարբեր օրգաններից և հյուսվածքներից կազմված, ինքնուրույն գոյության ընդունակ օրգանիզմ։ Սաղմնային զարգացման հիմնական փուլերն են՝ բեղմնավորումը (կուսածնության ժամանակ՝ ձվի ակտիվացումը), տրոհման բաժանումները, գաստրուլյացիան, օրգանոգենեզը, թաղանթներից դուրս գալը կամ ծնունդը։ Տարբեր կենդանիների սաղմնային զարգացումը զգալիորեն տարբերվում է իրարից։ Որոշ կենդանիների սաղմնային զարգացոման ընթացշում զարգացման առանձին փուլեր բացակայում են։ Սաղմնային զարգացման պրոցեսն ինչ-որ չափով հիշեցնում է էվոլյուցիայի ընթացքը։ Սակայն սաղմնային նմանությունը հարաբերական է, քանի որ զարգացման ամեն մի փուլում սաղմերը հարմարվում են գոյության համապատասխան միջավայրին։ Սաղմնային զարգացումը կյանքի կարևորագույն շրջան է և պայմանավորում է օրգանիզմի հետսաղմնային զարգացումը։ Բեղմնավորումը տեղի է ունենում մայրական օրգանիզմում կամ ջրում, այնուհետև, տրոհման ընթացքում ձուն հաջորդաբար բաժանվում է սկզբում մեծ, հետո ավելի ու ավելի մանր բջիջների (բլաստոմերներ) առաջանում է բազմաբջիջ (սովորաբար խոռոչավոր) սաղմը՝ բլաստուլան։ Տրոհման 7-րդ բաժանումից առաջանում են 128 բջիջներ և սաղմն անվանվում է բլաստուլա։

Օրգանիզմների անհատական զարգացման սաղմնային շրջանն ավարտվում է ձևավորված սաղմի ծնվելով, հետագա շրջանը հետսաղմնայինն է։Սաղմնային շրջանն անցկացրած նորածին կենդանին, մայրական օրգանիզմից անջատվելով  կամ ձվից դուրս գալով, հանդես Է գալիս զարգացման նոր պայմաններում, որտեղ նրա գոյությունը և հետագա զարգացումը պայմանավորված են միջավայրի գործողներով։ Օրգանիզմների հետսաղմնային զարգացումը բաժանվում Է երեք շրջանների։ Առաջինը՝ աճի և ձևավորման շրջանն է, որը բնութագրվում է դեռ սաղմնային շրջանում սկսված օրգանոգենեզի շարունակությամբ և մարմնի չափերի մեծացմամբ։ Այդ շրջանի հենց սկզբում բոլոր օրգանները հասնում են տարբերակման այն աստիճանի, որում երիտասարդ կենդանին կարող է գոյություն ունենալ և զարգանալ մոր օրգանիզմից անկախ կամ ձվի թաղանթներից դուրս։ Այդ ժամանակաշրջանում արդեն գործում են ստամոքս-աղիքային ուղին, շնչառական, զգայական օրգանները։ Նյարդային, արյունատար, արտաթորության համակարգերն իրենց գործունեությունը սկսում են դեռ սաղմում։ Աճի և ձևավորման շրջանում վերջնականապես հիմք Է դրվում օրգանիզմի տեսակային և անհատական առանձնահատկություններին, և անհատը հասնում Է տեսակին բնորոշ չափերի։ Բոլոր օրգան համակարգերից ուշ ձևավորվում է սեռական համակարգը, երբ ավարտվում է նրա ձևավորումը, սկսվում է հետսաղմնային կյանքի երկրորդ՝ հասունացման շրջանը, որի ընթացքում տեղի է ունենում բազմացումը։ Այդ փուլի տևողությունը տարբեր տեսակների մոտ տարբեր է։ Որոշ տեսակների մոտ այն տևում Է մի քանի օր, շատերի մոտ՝ երկար տարիներ։ Հասունացման շրջանին հաջորդում է երրորդ՝ ծերացման շրջանը, որը բնութագրվում է նյութափոխանակության լարվածության իջեցմամբ, օրգանների ինվոլյուցիայով (պարզեցում). ծերացումը հանգեցնում է անհատի բնական մահվան։ Տարբերվում են հետսաղմնային զարգացման երկու տեսակ՝

  • ուղղակի զարգացում
  • անուղղակի զարգացում

Ուղղակի զարգացման ժամանակ կենդանու աճն ու զարգացումը չեն ազդում մարմնի մասերի դիրքավորման, փոխադարձ հարաբերությունների վրա։ Ձվից դուրս եկած կենդանին նման Է հասուն անհատին (թռչուններ, կաթնասուններ, մարդ), միայն այլ համամասնություններով, նյարդային համակարգի պարզունակ ձևերով, ֆիզիկական փոքր ուժով, որոշ օրգանների (սեռական) թերգարգացմամբ։ Անուղղակի զարգացումը ընթանում է մարմնի աչքի ընկնող կերպարանափոխություններով (միջատներ, որդերից շատերը, աղեխորշավորներ, որոշ ողնաշարավորներ (երկկենցաղներից)։ Անուղղակի զարգացման ժամանակ սաղմում ձևավորված օրգանները ծառայում են միայն հետսաղմնային կյանքի վաղ փուլերում թրթուրների մոտ, որից հետո փոխարինվամ են նորերով՝ հետսաղմնային շրջանում առաջացածներով։ Դա տեղի է ունենում կերպարանափոխությամբ մետամորֆոզով, որը նույնպես ուղեկցվում է աճով և անցնում է մի շարք փուլերով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով